Մայրս ու աստված

Armine Abelyan
3 min readMar 26, 2024

Պատկերացնում էի, որ կարող էի գրել հոդվածներ սուրճի, կանանց, կենդանիների, բնության ու էլի էլի շատ բաների մասին, բայց որ կգրեի մորս մասին…անսպասելի էր:

Հեռացավ պատահական ու հանդարտ, ինչպես ինքն էր ցանկանում..հաճախ էր դա խնդրում իր միայնակ պահերին, երբ խորասուզվում էր անարդար թեմաների մեջ: Կորցրել ու կորցնում էր իր հարազատներին..դրանցից մեկի հետ դժվար էր հաշտվում ու հաճախ վեր բարձրացնում ձեռքերը առ Աստված ու խնդրում.. «Արդար եմ եղել, ազնիվ եմ ապրել, խնդրում եմ Տէ՛ր, տուր ինձ րոպեական մահ..չտանես մահիճ, չթողնես խնամքի»: Եվ աստված լսեց…

Շուրջ 45 տարի ուղեկից էի մի մարդու, որի անձերը շատ էին…մա՞յրս էր, ուսուչի՞ցս, ընկե՞րս, թե անձնական փիլիսոփան..փակում էի աչքերս ու պատկերացնում մորս եփած սուրճի հոտը, որի շուրջ խառնվում էին մեր ամենօրյա զրույցները..մտովի տեսնում էի, թե ոնց եմ առավոտյան վազում դեպի իր դուռը ու կիսաբաց արանքից հարցնում «Արթնացե՞լ ես, սուրճ դնե՞նք», իսկ երեկոյան, աշխատանքից հետո ուրախ թակում էի դուռը ու ներսից լսում նրա սարկազմով լի անուշ ձայնը.

– Դո՞ւ ես առնետ:

– Ես ե՜մ մամ …

– Պաաաահ, անունդ վերցրել ես:

Կանգնած էի լռության եզրին…անդունդ էր, սպիտակ անդունդ, որից այն կողմ` օդերում կախված փնտրում էի մորս ժպիտը…լսում էի ձայնը հեռու հեռվում..չհագեցած կարոտի զգացումն անընդմեջ ծանրանում էր օդում..

Ամեն ինչ արագ էր, բայց պատրաստված…հետո հասկացա, թե որքան էր պատրաստվել ու որքան ինձ պատրաստել: Թվում էր, թե պետք է գլուխս կորցրած լինեի, բայց մտքովս հերթով անցնում էին մորս թողած հրահանգները. սև շորը, որ առանձնացրել էր, նկարը, որը դրել էր պահարանում ու նշել. «Չխառնվես, երբ պահը կգա։ Խառը պահին մարդիկ ինչ նկար ասես, որ չեն վերցնի՛»:

Նայում էի իր ընտրած նկարին ու մտածում. «Ինչ անուշ ժպիտ, ինչ սիրուն աչքեր»:

Մտովի անհեթեթ փնտրտուքների մեջ էի…մի անհույս կապ էի փնտրում, որով կկարողանայի նորից մոտիկ կանգնել նրան: Հաճախ փորձում էի իր ճաշերը պատրաստել, որի ընթացքում խոսում ու կարծիք էի հարցնում ճաշի համի մասին: Երբ լավ էր ստացվում, տխուր ժպիտով մտածում էի, որ դուրը կգար: Մաքրություն ու կարգ ու կանոն էի հաստատում տանը, որ պահեմ այն, ինչին մայրս էր հետևում: Առանձին տեղ պահել էի իր վերջին ճաշի համար դրված ընկույզը…խնամքով առանձնացրել ու պահել դրանք զարդատուփում…իր ձեռքի պոպոկն էր: Արցունքի կաթիլներ կախվում ու գլորվում էին այս ու այն կողմ՝ պատմելով թափառող օդին իմ քրոնիկ թախիծը: Բայց պետք էր շարունակել…

Թախիծի հետ մեկտեղ անասելի կամք էր մեջս ներխուժել: Աշխատում էի առավոտից իրիկուն: Չնայած հոգնածության՝ ակտիվություն էի պահում: Չունեի զղջում, քանի որ երկար ճանապարհ էինք անցել ու այդ ճանապարհին նա ներկա էր եղել իմ բոլոր ճամփորդություններին, սրճարաններին ու թատրոններին, համերգներին ու կինոսրահներին, շաբաթական մեր ավտոմեքենայով շրջագայություններին…միայն կարոտում էի մեր զրույցներին..անթիվ անհամար. կյանքի ու մահվան, սիրո ու հավատարմության, ազնվության ու արդարության, Աստծո ու խղճի մասին:

Ո՞վ էր մայրս, ի՞նչ էր թողել ինձ…թողել էր երջանիկ ու ազատ ապրելու գաղափարը: Ժառանգորդն էի իր մտքերի հզոր պաշարի, որն ինձ թույլ չէր տալիս տրտնջալ: Գիտեի, ինչպես շարունակել: Դժվար պահերին բացում էի մորս մտքերի հզոր գրադարանը ու դարակներից հանում ինձ հարմար միտքը՝ երջանիկ ապրելու միտքը։ Ես շատերից էի լսել երջանկության մասին, բայց մորս պատկերացումները լրիվ այլ էին կանացի երջանկության մասին։ Ամեն ինչ պտտվում էր գիտելիքի, ազատության, ճամփորդությունների, սեփական կյանքի ու անձի բացահայտումների շուրջ։ Այնտեղ երբեք տեղ չէր գտնում կանացի սագան ամուսնու ու երազելի երեխաների մասին:

Մայրս սկզբունքային էր…նույնիսկ սեփական մահվան դեպքում: Նրան չէր ոգևորում քաղցր սուտը, կեղծ թատրոնը, սեփական փչած փուչիկը, որով պարուրվում են շատերը երջանիկ թվալու համար…նա սիրում էր իսկականը, արդարը, ճիշտը, ազնիվը, հավատարիմը, նվիրվածը…երազում եմ ինքս էլ գոնե այդքան սկզբունքային լինել, հետևել սեփական գաղափարներին ու չտրվել ընդհանուր գորշի մեջ փոխակերպվող մարդկանց:

Մտքումս շարունակում էին պտտվել իր խոսքերը…Տէր ի՛մ, արդար եմ եղել, ազնիվ եմ ապրել, տուր ինձ րոպեական մահ…Ո՞ր աշխարհում ես հիմա…գուցե ավելի իսկակա՞ն, ավելի լիառա՞տ, ավելի շքե՞ղ, ինչպիսին որ կայիր…

Սիրում եմ քեզ Մա՛մ․․․

--

--

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading