Ինչպե՞ս հաջողել որպես ֆրիլանս սկսնակ թարգմանիչ

Armine Abelyan
4 min readJun 21, 2023

Ֆրիլանսի աշխարհում հնարավորությունները շարունակ բազմապատկվում են։ Աննկատ, բայց հաստատուն քայլերով առաջ են գալիս նոր շուկաներ՝ բերելով իրենց հետ նոր հաճախորդներ։ Տեղատարափ այս շուկայում, ֆրիլանսերներն արագ թիավարում են մի պատվերից մյուսը՝ ընկղմվելով վարակիչ մի խաղի մեջ, որտեղ կանոնը մեկն է՝ «Որքան շատ աշխատես, այնքան ավելի շատ կվաստակես»։

Որպես թարգմանիչ, դուք էլ արդեն վաղուց որոշել եք փոխել Ձեր թիերը։ Կանգնած եք աշխատանքային օվկիանոսի առջև և մտածում եք — Ինչպե՞ս սկսել։ Գլխավոր այս հարցից զատ կան նաև փոքրերը, որոնք ուղղվում են ձեզ՝ ևս մեկ անգամ հարցաքննելու․ «Արդյո՞ք սա այն է, ինչով իսկապես ցանկանում ես զբաղվել»։ Եթե այո՛, ապա Ձեզ սպասվում են ճկուն գրաֆիկ և սեղմ ժամկետներ, աննախադեպ առաջարկներ և պատվիրատուի քննադատություններ, հոգնածություն և արտաժամյա աշխատանքներ, ինքնաֆինանսավորում և անկայունություն, ի վերջո՝ անընդմեջ ոգևորություն և կրկնվող հիասթափություններ։

Յուրաքանչյուր սկսնակի համար, լինի՛ նա թարգմանիչ, թե՛ ծրագրավորող, կարևոր դեր են կատարում նոր պատվերները կամ նոր հաճախորդները։ Նրանք ապահովում են այն կայուն եկամուտը, որը թույլ է տալիս ֆրիլանսերներին պահպանել ֆինանսական կայունությունը։ Բայց մինչ այդ, սկսնակ թարգմանչին պետք կգան մի շարք խորհուրդներ, որոնք կարգապահորեն հետևելու դեպքում բոլոր գործի դրած ջանքերը կարող են ամփոփվել ցանկալի արդյունքով։ Եվ այսպես, ինչպե՞ս սկսել․

1․ Ճկուն գրաֆիկ

Ֆրիլանսի աշխարհը ենթադրում է ճկուն աշխատանքային գրաֆիկ։ Մի շտապեք մտածել, թե ձեզ սպասվում է անսահման ազատություն։ Ճիշտ է, այլևս գամված չեք գործատուի աշխատասեղանին և սա այն չէ, երբ պարզապես արթնանում ես նշված ժամին, արագ նախաճաշում, վարում մեքենան՝ քթի տակ երգելով սիրած երաժշտությունը, դիմավորում աշխատասենյակը սուրճի բաժակը ձեռքին ու սպառում 8-ժամյա նախատեսված աշխատանքային օրը, ի վերջո՝ «Տադա՛մմմմ» — ամսվա վերջ ու սպասված վճար՝ աշխատավարձի կամ «աղքատավարձի» տեսքով:

Ֆրիլանսում պետք է մշտապես արթմնի լինել․ անընդմեջ հետևել ձեր նամակներին, ընդունել անսպասելի առաջարկներ, ընդառաջ գնալ սեղմ ժամկետներին, ընդունել մեծ և փոքր պատվերներ և վերջապես՝ հարմարվել թարգմանչի կյանքին բնորոշ ճկուն ավանդույթներին: Այստեղ դուք եք սեփական գործատուն և դուք եք ֆինանսավորում սեփական գոյությունը։

2․ Ներքին և արտաքին հաճախորդներ

Ընդլայնեք ձեր ներքին և արտաքին հաճախորդների թիվը։ Գրանցվեք տարբեր հեռահար և թարգմանչական կայքերում՝ ներկայացնելով ձեր փորձը, հմտությունները, անցած վերապատրաստումները և ձեռք բերված վկայականները։ Կարող եք կցել նաև օրինակներ կատարված թարգմանչական աշխատանքներից։ Արտաքին շուկայում գործում են այնպիսի մեծ հարթակներ, ինչպես օրինակ՝ Fiverr, Freelancer, Upwork, Flexjobs, SimplyHired, Guru, LinkedIn, Behance, 99designs, Dribbble, People Per Hour, ServiceScape, DesignHill, TaskRabbit-ը և այլ հարթակները, որտեղ առաջարկվում են նաև աշխատանքներ թարգմանիչների համար։ Ցուցաբերեք ակտիվություն կայքերում և ֆորումներում։ Ակտիվ շփվեք Ձեր հաճախորդների հետ՝ ներկայացնելով նրանց Ձեր գնային առաջարկները։

3․ Ծառայության կոնկրետացում

Կոնկրետացրեք Ձեր ծառայությունը։ Եթե նախընտրում եք կատարել միայն թարգմանություններ և չեք սիրում վերանայել դրանք, ապա առաջարկեք Ձեր հաճախորդին միայն թարգմանչական ծառայություններ։ Եթե կատարում եք բացառապես սրբագրման աշխատանքներ, ներկայացրեք և գովազդեք այն։ Ներգրավեք Ձեր բիզնեսում կոնկրետ պահանջատերերի։ Փորձեք առանձնացնել նաև Ձեր կատարած թարգմանությունների ոլորտը․ ո՞ր ոլորտում եք Ձեզ ավելի լավ զգում․ օրինակ՝ կատարում եք միայն բժշկական, պատմական, բիզնես, մարքեթինգ, երկրաբանական, շինարարական, մեքենաշինական, սպորտային կամ ստանդարտ թարգմանություններ։

4. Գնային սահմանումներ

Ծառայությունների հետ մեկտեղ հստակ սահմանեք թարգմանության գները։ Որոշեք նվազագույն գինը փոքր փաստաթղթերի դեպքում և առաջարկեք բարձր գին տեխնիկական բարդ թարգմանությունների դեպքում։ Տեխնիկական թարգմանությունները պահանջում եմ երկարատև ջանքեր՝ ճշգրիտ արդյունքների հասնելու համար։ Հաճախ ձեր պատվիրատուն դժվար է պատկերացնում այն ժամաքանակը, որն անցկացնում եք նույնիսկ կարճ՝ բայց բարդ պարբերությունների վրա։ Ստանալով հետ աշխատանքը՝ ձեր պատվիրատուն կարող է բողոքել որևէ տառացի արտահայտությունից կամ բառից՝ առանց պատկերացնելու գործում ներդրվող Ձեր ջանքերը։ Հետևաբար ճիշտ գնահատեք Ձեր ժամանակը բարդ թարգմանությունների դեպքում և պահպանեք հստակ սահմանված գներ։

5․ Ակտիվ շփում հաճախորդի հետ

Թարգմանչական աշխատանքի կարևոր կողմերից մեկը՝ հաճախորդի հետ ճիշտ հաղորդակցումն է։ Յուրաքանչյուր թարգմանչական պատվերին ուղեկցում են մի շարք փաստաթղթեր․ ուղեցույցներ, ստուգացանկեր, բառապաշարի հղումներ, ոճի ուղեցույցներ, վերջնական փաստաթղթեր և այլն։ Սրանք նախատեսված են թարգմանչի համար՝ օգնելու նրան հասնել որակյալ թարգմանության։ Շատ կարևոր է ուշադիր և մի քանի անգամ ընթերցել Ձեր պատվիրատուի հրահանգները՝ դրանք թարգմանության ընթացքում ճիշտ կիրառելու համար։ Աշխատեք ակտիվ կապ պահպանել Ձեր հաճախորդի հետ՝ ուղղելով նրան հարցեր թե՛ թարգմանությունից առաջ, և թե՛ դրանից հետո։

6․ Համակարգչային գիտելիքներ

Թարգմանիչներն անընդմեջ ստանում են տարբեր ձևաչափերի փաստաթղթեր, որոնց հետ աշխատելը պահանջում է համակարգչային գիտելիքների հմուտ իմացություն։ Թարգմանիչների չսիրված PDF ֆորմատը ոչ հազվադեպ հանդիպող փաստաթղթային ձևերից մեկն է։ Փորձեք ապահովել Ձեր համակարգիչն անհրաժեշտ գործիքներով, որոնք կհեշտացնեն թարգմանչական աշխատանքների տեխնիկական կողմը։ Լավ միտք է նաև թարմացնել սեփական գիտելիքների շտեմարանը որևէ նոր համակարգչային հնարքով կամ նոր գործիքի կիրառությամբ։ Այն թերևս պետք չի գա միանգամից, բայց շուտով ինքներդ էլ կզգաք նոր ձեռք բերված գիտելիքի, գործիքի կամ պարզապես հնարքի դրական ազդեցությունը։

7․ Հանգստյան օրեր

Մենք սկսեցինք նրանից, որ պետք է ճկուն լինել ֆրիլանսի աշխարհում․ ունենալ ճկուն գրաֆիկ, արագ պատասխանել հարցումներին, պատրաստ լինել թարգմանություններին ոչ միայն աշխատանքային, այլ նաև հանգստի օրերին՝ շարունակ ընդառաջ գնալով պատվիրատուի պահանջներին։ Բայց այսպես միշտ չէ՛, որ կարող եք շարունակել։ Լինելով սկսնակ թարգմանիչ՝ փորձեք լրացնել ձեր հաճախորդների ցանկը՝ ժամանակի ընթացքում կարգավորելով նրանց հետ Ձեր աշխատանքային ժամերը և օրերը։ Եթե ստանում եք առաջարկներ ոչ աշխատանքային օրերին, փորձեք պատվերները հանաձայնեցնել Ձեր հաճախորդի հետ՝ տեղափոխելով դրանք երկուշաբթի։ Նշեք, ո՞ր օրերին և ո՞ր ժամերին եք հանգստանում։ Եթե մեկնում եք արձակուրդի, ապա պարտադիր ծանուցում թողեք Ձեզ հետ մշտապես աշխատող հաճախորդների համար։ Անընդմեջ կարգավորեք Ձեր ժամանակը՝ հետևելով Ձեր հանգստին, քանի որ միայն լավ հանգիստը թույլ կտա կատարելու այնպիսի ուժասպառ աշխատանք, ինչպիսին թարգմանությունն է։

— — — — — — — — — — — — — — — — — -*** — — — — — — — — — — — — — — — — —

Ինչպիսին էլ, որ լինի սկիզբը, մի կաշկանդվե՛ք։ Փորձեք տարբեր լուծումներ տալ սկսնակի Ձեր ճանապարհին։ Մշտապես որոշումներ կայացրեք։ Սկսեք փոքր որոշումներից։ Սահմանեք ամենօրյա աշխատանքների ցանկը և առաջ գնացեք։

Շուտով կսկսեք նկատել, որ Ձեր ջանքերը արդյունք են տալիս։

www.translations.am

--

--

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading