3 հետաքրքիր կայքեր սկսնակ թարգմանիչների համար

Armine Abelyan
4 min readApr 19, 2023

Թարգմանության շուկան անընդմեջ փոխվում է․ դրան համահունչ փոխվում են նաև թարգմանիչների աշխատանքային ոճը, գնային առաջարկները, ոլորտները և իհարկե ցանկությունները։

Այս հոդվածը գուցե ավելի շատ հետաքրքրեր սկսնակ թարգմանիչներին, սակայն այստեղ պատասխան կարող են գտնել նաև նրանք, ովքեր փնտրում են նոր աշխատանքային միջավայր․ վաղուց անհետաքրքիր դարձած գրասենյակային թարգմանությունները, կրկնվող նյութերը հոգնեցրել են ձեզ, դուք ցանկանում եք փորձել ձեր ուժերը մի նոր ոլորտում, թարմացնել ձեր լեզվական պաշարը, ապահովել բարձր եկամտաբերություն, ունենալ ճկուն աշխատանքային գրաֆիկ և պարզապես ավելի հետաքրքիր ու հագեցած օր։

ֆրիլանսերների համար լավ սկիզբ է գրանցումն այն կայքերում, որոնք առաջարկում են հեռահար աշխատանքներ: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր գիտելիքներին ու փորձին համապատասխան աշխատանք։ Թարգմանիչները կարող են գտնել ոչ միայն թարգմանչական գործեր, այլ նաև լեզվական ծառայություններին առնչվող տարատեսակ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են լինում ամենատարբեր ընկերություններին ու անհատներին։

Խոսենք նմանատիպ 3 կայքերի մասին, որոնց գուցե արդեն բախվել եք.

UPWORK

Հավանաբար լսել եք Upwork կայքի մասին։ Այն հեռահար աշխատանքի լավագույն հարթարկներից մեկն է։ Կայքը հեշտ կիրառելի է և ապահովում է ֆրիլանսերներին ամենաբազմազան աշխատանքներով։ Հարթակին միանալու համար անհրաժեշտ է զուտ գրանցվել և տրամադրել տեղեկություններ Ձեր մասին։ Ստեղծեք կայքում ամբողջական պրոֆիլ՝ նկարագրելով ձեր փորձը, հմտությունները և արժեքավոր հատկանիշները:

Upwork–ն ունի հարմարեցված միջերես օգտագործողների համար և բազմազան գործառույթներ: Շատ թարգմանիչներ աշխատում եմ այս կայքի միջոցով, չնայած որ այն չես համարի լավագույն աշխատանքային շուկան թարգմանիչների համար: Կայքում կարող եք գտնել ոչ միայն թարգմանչական աշխատանքներ, այլ նաև լեզվին առնչվող այլ առաջարկություններ, ինչպես օրինակ՝ խմբագրում, սրբագրում, հոդվածների կազմում, տեխնիկական գրագրում և այլն:

Upwork-ն ունի նաև մեկ այլ առավելություն: Եթե փորձ չունեք և սկսնակ թարգմանիչ եք, ապա այն լավագույն հարթակներից մեկն է նոր աշխատանք փնտրելու համար: Թեև սկսնակ թարգմանիչները չեն կարող ներկայացնել իրենց լավագույն փորձը, բայց կարող են հետաքրքիր լինել ամենատարբեր աշխատանքների համար, որտեղ պատվիրատուն գնահատում է ազնիվ ջանքերը և պատասխանատվությունը, նորարարությունը և ճկունությունը: Մի վարանեք նշել ձեր բնութագրում, թե ի՞նչ կարող եք անել, ի՞նչ կցանկանաք փորձել կամ ի՞նչից սկսել: Յուրաքանչյուր առաջարկ կարող է գտնել իր պատվիրատուին:

Upwork-ում գրանցվելու համար վճարում չի պահանջվում, սակայն որևէ աշխատանք ստանալու դեպքում դուք վճարում եք կայքին ձեր աշխատած գումարի մի մասը:

Հարթակն ունի նաև այլ առավելություններ. դուք կարող եք անմիջական կապի մեջ լինել պատվիրատուների հետ, լսել նրանց ընթացիկ և հետագա պահանջները, ստանալ կարծիք կամ գնահատական կատարված աշխատանքների համար՝ այսպիսով բարձրացնելով հետագա համագործակցությունը պոտենցիալ հաճախորդների հետ։

TranslationDirectory․com

Translationdirectory.com հարթակը հաճախակի է աչքի ընկնում թարգմանչական աշխատաշուկայում։ Կայքի վարկանիշն այնքան էլ բարձր չէ։ Հաճախորդներն ընդհանուր առմամբ գոհ չեն իրենց թարգմանչական գնումներից: Իսկ որքանով է հետաքրքիր կայքը ֆրիլանս թարգմանիչների համար: Թարգմանչական կայքերի շարքում Translationdirectory.com -ը զբաղեցնում է 43–րդ տեղը: Կայքը չունի ներկայանալի տեսք. խառը տեղեկությունների շտեմարան է, որն ունի որոշակի դասավորվածություն։ Չնայած որ կայքի «Testimonials» բաժինը ներկայացնում է հաջողված թարգմանիչների վկայություններն ու փորձը այն մասին, թե որքան արդյունավետ է այստեղ աշխատանք գտնելը, այնուհանդերձ խուսափեք կայքին արագ վճարելուց, քանի որ թարգմանչական աշխատանք ստանալու հարցում Ձեր սպասումները չեն արդարանա միանգամից: Նշեմ նաև, որ կայքը կարող է հետաքրքիր լինել ավելի հաճախակի հանդիպող լեզվական շարքերի համար, բայց ոչ հայերենի, քանզի այս պարագայում առաջարկվող աշխատանքներն ավելի սակավաթիվ են:

Ի հակառակ սրան, կայքն ունի որոշակի առավելություններ: Այստեղ կարող եք գտնել թարգմանչական ընկերությունների երկար ցուցակ՝ 7000 և ավել գործակալություններ, որոնք իրենց հերթին ևս տրամադրում են թարգմանչական ծառայություններ: Կայքը տրամադրում է նաև«Սև-ցուցակ»-ում հայտնված թարգմանչական գործակալությունների ցանկը, որոնց հետ համագործակցությունը զուր աշխատանք է: Դրանք որպես կանոն անվճարունակ կամ զեղծարար թարգմանչական գործակալություններն են, որոնք օգտվում են թարգմանիչների աշխատանքից և չեն վճարում: Լավագույն մոտեցումը այս կայքի պարագայում՝ պարզապես գրանցվելը, որոշ ժամանակ ուսումնասիրելը նրա գործառույթները, նայել առաջարկվող աշխատանքները, լեզուները, պայմանները և այլն: Միայն երկար ուսումնասիրությունից հետո արդեն կարող եք որոշել՝ ցանկանո՞ւմ եք վճարել կայքի ծառայություններից օգտվելու համար, թե՞ ո՛չ:

Proz.com

Proz.com հարթակը համարվում է ոլորտի առաջատար ընկերությունը: Այստեղ գրանցված են մոտ 300 000 թարգմանիչներ: Հարթակում գրանցված են թե՛ թարգմանիչներ, թե թարգմանչական ընկերություններ։ Թարգմանիչներն այստեղ կարող են գրանցվել անվճար հիմունքներով, սակայն միայն վճարային՝ Ստանդարտ և Պլյուս փաթեթները հնարավորություն կտան տեսանելի լինել պատվիրատուների համար, առաջարկել թեկնածությունը թարգմանչական պատվերների դեպքում, օգտվել կայքի տարբեր գործիքներից և շտեմարաններից, մասնակցել Proz-ի ցանցում առկա իրադարձություններին, բացառիկ վիդեոկոնֆերանսներին, օգտվել հարթակի զեղչային հնարավորություններից, ինչպես նաև վերահսկել Ձեր պրոֆիլի այցելուներին։

Որպես թարգմանիչ՝ կարող եք մասնակցել proz․com-ի ֆորումներին՝ կիսվելով ձեր ունեցած գիտելիքներով և տեղեկություններով, ինչպես նաև ակնկալել տարբեր մասնագետների կարծիքը Ձեզ հուզող հարցումներին։ Այս ֆորումներում կարող եք գտնել արժեքավոր տեղեկություններ, ինչպես ընդհանուր, այնպես էլ տեխնիկական՝ տարատեսակ թարգմանչական գործիքների կիրառման վերաբերյալ։

Proz․com-ի գնային քաղաքականությունը բաշխված է ինչպես ֆրիլանս թարգմանիչների, այնպես էլ թարգմանչական ընկերությունների դեպքում:

Proz հարթակը առաջարկում է նաև այլ գնային փաթեթներ թարգմանչական ծառայությունների, թարգմանչական ընկերությունների կամ գործակալությունների համար։ Այստեղ ևս գործում են Ստանդարտ, Պլյուս և Էնթերպրայզ փաթեթները։ Ստանդարտ փաթեթով դուք կարող եք ստեղծել ձեր ընկերության պրոֆիլը և հայտնվել թարգմանչական գործակալությունների շարքում, ընտրել թարգմանիչ՝ ֆրիլանսերների առկա Proz.com շտեմարանից, օգտվել ProZ*Pay վճարային համակարգից, օգտվել զեղչային հնարավորություններից XTRF թարգմանչական ծրագրերի կառավարման համակարգից և այլն։

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

Այս երեք հարթակները միայն մի մասն են կազմում այն ուղու, որ որոշել եք սկսել: Դուք կարող եք գրանցվել նաև այլ կայքերում, հետևել օրեցօր զարգացող թարգմանչական շուկային, դրանում իրագործվող նորություններին, ինչպես նաև նորարարություններին և լավագույնս դրսևորել Ձեզ այդ դինամիկ աշխատաշուկայում:

--

--

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading