Ֆրիլա՞նս, թե՞ ձեռներեցություն
Երբևէ մտածել եք, որ ֆրիլանսը վաղուց արդեն ձեզ դուր չի գալիս։ Դուք ցանկանում եք մի նոր փուլ սկսել։ Ձեռնարկատիրության շուրջ մտքերը ձեզ հանգիստ չեն տալիս, անվերջ հապաղում և սպասում եք այն կարևոր պահին, երբ լուրջ քայլ կանեք։ Ու թեև գայթակղիչ, բայց ձեռներեցությունն ունի իր սեփական մարտահրավերները, որոնց պետք է պատրաստված լինել։
Ձեռներեցություն և Ֆրիլանս
Ձեռներեցությունն ու ֆրիլանսը անկախանալու երկու տարբեր ճանապարհներ են։
Որքան էլ տարբեր, դրանք ունեն թե՛ իրենց ընդհանրությունները, թե՛ տարբերությունը․
ընդհանրությունը. երկուսն էլ ապահովում են ինքնազբաղվածություն և շուկա հանում սեփական հմտություններն ու ծառայությունները,
տարբերությունը. ֆրիլանսերները վաստակում են եկամուտ իրենց համար, իսկ ձեռնարկատերերը դրանով նաև կիսվում։ Բացի այդ, ձեռնարկատերերը կիսում են սեփական գաղափարները, մտքերը և փորձը։
փոխկապակցվածությունը. ֆրիլանսերներն օգնում են ձեռնարկատերերին զարգացնել իրենց ծառայությունը կամ ապրանքանիշը, իրենց հերթին՝ ձեռնարկատերը օգտվում է ֆրիլանսի ապահով ուղուց և անվնաս դուրս գալիս բիզնես աշխարհ։
Ինչո՞ւ ձեռներեցություն
Խոսենք նրանից, թե ինչ եք ուզում դուք՝ անցնելով ձեռնարկատիրության․ շատ գումա՞ր, ճկուն գրաֆիկ, թե՞ այլ բան։
Մարդիկ միշտ հակված են մտածել, որ ձեռներեցությունն անմիջապես առնչվում է փողի հետ, բայց որքան էլ զարմանալի, առաջին հերթին՝ այն մարտահրավեր է ինքդ քեզ։
Երբ ամուր փակեցի գործատուի դուռը և անցա բիզնեսի, մեծ ցանկություն ունեի առաջին հերթին չառնչվել բոլոր այն որոշումների հետ, որոնք իմ սեփականը չէին։ Այլևս ինձ հետաքրքրում էին սեփական գաղափարները և դրանց շուրջ կազմվող պլաններն ու որոշումները։ Ցանկանում էի ընդունել լուրջ մարտահրավերներ՝ համոզվելով, որ ավելին կարող եմ։ Մեծ ցանկություն ունեի ֆինանսավորել թե՛ ինքս ինձ, թե՛ մյուսներին։ Բացի այդ հետաքրքիր էր նաև թթվածին շնչելը․․․հեռու թունավորումից և փռշտոցներից․․․իսկ եթե ավելի լուրջ, ձեռներեցությունն իմ առջև բացվում էր նոր ուղիներով, որոնք հնարավոր չէր գտնել և ոչ մի գործատուի մոտ։
Այնպես, որ, եթե փնտրում եք նոր սահմաններ, ապա ձեռներեցությունը լավագույն ուղին է։ Կարևոր է չընկճվել և ընդունել, որ այդ դժվար ճանապարհին դուք կհանդիպեք ձեր նոր կերպարին՝ սեփական ուժերին վստահող նոր մարդուն։
Ավարտենք այս պարբերությունը Ամերիկացի գործարար և ձեռնարկատեր Փոլ Հոքենի մտքերից մի մեջբերումով՝
Ձեռնարկատիրությունը ամենևին էլ փողի մասին չէ, այն ավելի շուտ ճանապարհ է դեպի ինքդ քեզ։
Ձեռներեցությունը որպես հարթակ
Այս հարթակը պահանջում է շարունակական ճկունություն․․․հնարավոր չէ լինել ձեռներեց և դուրս չգալ այն արկղից, որտեղ տեղավորվել էիք տարիներ շարունակ և ուրեմն խիստ պահանջվո՛ւմ է
1․ մտածել սեփական արկղիկից դուրս,
2․ ստանձնել առաջնորդի դեր,
3․ դիմել ռիսկերի,
4․ ձևավորել բիզնես, հաճախ՝ զրոյից,
5․ կայացնել արագ որոշումներ,
6․ լինել ինքնակազմակերպված և կարգապահ,
7․ դիմել ձեզ սարսափեցնող գործողությունների։
Ինչո՞ւ ենք շարունակ հապաղում
Ինչո՞ւ ենք մենք հապաղում, երբ կա այդքան մեծ ցանկություն անկախանալու։ Անընդմեջ հետաձգում եք սեփական գաղափարը, ապրում վախեր, վարանում գիտելիքի պակասից։ Շատերը հատկապես կնշեին ֆինանսական դժվարությունները։ Եթե մեկ պահ փորձեք հեռանալ սեփական վախերից և դիտարկեք դրանց լուծումները, ապա դրանք չեզոքացնելու ճանապարհին եք։
Ի վերջո, արժանի են արդյո՞ք մեր վախերը նման բավարարվածության։ Չէ՞ որ ցանկացած խնդիր դրված է զուտ լուծելու և սեփական ուղին նորովի մշակելու համար։
1․ Գիտելիքի պակաս
ֆինանսներից ավելի շատ կարևոր է գիտելիքը։ Եթե ունեք գումար, բայց ոչ գիտելիք, հաջողելու մասին դեռ կարելի է եզրակացնել, եթե նույնիսկ վարձեք խելացի մարդկանց։ Մեծամասամբ պետք է ինքներդ տիրապետեք գիտելիքի այն անհրաժեշտ պաշարին, որը թույլ կտա վստահ կանգնել սեփական գործի ղեկին։ Ներգրավվեք ուսումնական գործընթացում․սովորեք, կարդացեք, ուսումնասիրեք, դիտեք, լսեք, հարցրեք, արեք այն ամենը, ինչը կարող է զարգացնել ձեր գիտելիքները տվյալ թեմայի առնչությամբ՝ ձեռներեցություն:
2. Վախեր
Սովորեք թիրախավորել ձեր վախերը։ Վերլուծեք դրանք — որ վախերն են ձեզ հատկապես հետ կանգնեցնում ձեր քայլերից։ Պատրաստեք դրանց հաղթահարման քայլերը և առաջ գնացեք դանդաղ։ Մի թույլ տվեք, որ նրանք կլանեն ձեզ և խլեն ձեզանից ամենաարժեքավորը՝ նոր քայլ կատարելու հետաքրքրությունը։ Խնդրեք աջակցություն կամ խոսեք ձեր մտերիմների՝ ծնողների, ընկերների հետ։ Հետևեք նրանց խորհուրդներին և գտեք լավագույն լուծումը։ Մի վարանեք, եթե ստանում եք բացասական պատասխաններ, հավատացեք ձեր գաղափարին։ Գնացեք նույնիսկ ծայրահեղության՝ դառնալով ձեր սեփական վախերին բռնացողը։
3. Խառնվածք
Շատ հաճախ, ձեռնարկատիրությունը մարդիկ կապում են խառնվածքի հետ։ Հարց է առաջանում — ի վերջո, ձեռներեցությամբ զբաղվելու ունակությունը՝ ի ծնե՞, թե՞ գիտելիքի ձեռբերման հարց է։ Կան մարդիկ, որոնք իրենց ճանապարհը միանգամից սկսում են ձեռներեցությունից և նրանց բնորոշ չէ գործատու փնտրելը։ Նրանք ամուր կանգնում են սեփական նավի ղեկին ու անվախ թիավարում։ Իսկ կան նաև, ովքեր հասունանալով՝ հասնելով որոշակի տարիքի այլևս չեն կարողանում շարունակել իրենց կյանքը գործատուների հետ և բռնում են ձեռներեցության ճանապարհը։
Թեև մարդկային խառնվածքը ներքին հատկանիշների մի ամբողջ ծաղկաբույլ է ու ձեռնարկատիրությունը բնորոշ է համարձակներին, այն նաև հետաքրքիր հարթակ է նրանց համար, ովքեր ցանկանում են նորովի չափել ուժերը և փնտրել նոր ուղիներ՝ թույլ տալով նույնիսկ ամենահամեստներին կոտրել վաղուց բնավորություն դարձրած անվստահությունը, վարանումը, կասկածամտությունը, կարճ՝ այն, ինչ վաղուց արդեն արդեն դուր չի գալիս սեփական անձում։
Ձեռնարկատիրությունը դա աստիճաններով վեր սլացող հարթակ է, որտեղ հերթականն անցնելիս դուք կանգնում եք նորի առջև՝ գայթակղիչ, վախեցնող, բայց հաղթահարելի։ Այսպիսով՝
Ձեռնարկատեր մենք չենք ծնվում, այլ՝ դառնում։
4. Ֆինանսական միջոցներ
Վիճակագրորեն, առանց ներդրումային կապիտալի բիզնես սկսելը բնորոշ է հենց ձեռներեցներին։ Իհարկե, այն դժվարացնում է բիզնեսի իրագործումը և դանդաղեցնում դրա ընթացքը։ Ի փոխարեն, այն տալիս է ապահովության զգացողություն, անվնաս գործունեություն և խնդիրներ լուծելու անսովոր ունակություն։ Ուժերն ուղղվում են ոչ թե ֆինանսական միջոցներ փնտրելուն, այլ ստեղծագործ միտք և հնարամտություն դրսևորելուն։
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ
1. Բիզնես պլան
Արդյոք անհրաժեշտ է ունենալ բիզնես պլան։ Միանշանակ այո՛, քանի որ
այն թույլ է տալիս թիրախավորել ձեր հաճախորդներին, սահմանել նպատակներն ու գնային քաղաքականությունը: Բիզնես պլանով դուք կկազմեք ձեր ծախսերի պլանը, մարքեթինգ պլանը, կդնեք ձեր առջև կարճաժամկետ կամ երկարաժամկետ նպատակներ։
Բիզնես պլանը չի պահանջում սպառիչ տեղեկատվություն, բայց այն ունենալը գրեթե անհրաժեշտություն է՝ որպես ռազմավարական գործիք, որը թույլ է տալիս հետևել սահմանված գործողություններին և ծառայեցնել դրանք որպես որպես ուղեցույց։
Իսկ ինչպես վարվել, եթե բիզնես պլան երբևէ չեք կազմել։
1․ Անհատական մասնագետ
Գտեք մասնագետի, ով կարող է գրել բիզնես պլանը ձեր փոխարեն: Սա իհարկե առավել ծախսատար տարբերակ է, բայց այն թույլ կտա խնայել էական ժամանակ։ Մասնագետը կարող է ճիշտ ուղղորդել ձեզ, գտնել ձեր բիզնեսի կարևոր նրբությունները, հասկանալ բարդությունները և ճիշտ ձևակերպումներ տալ։
2․ Բիզնես դասընթաց
Բիզնես դասընթացը ևս համարվում է լավագույն տարբերակ։ Գիտելիքներ ձեռբերելով՝ դուք կիսվում ենք դրանով բիզնես խմբի մյուս անդամների հետ։ Համընթաց լսում և յուրացնում եք գիտելիքներ այլ բնագավառներից, ծանոթանում այլ տեսակետների և խնդիրների հետ, որոնք հուշում են վերանայել ձեր գործը բոլորովին նոր տեսանկյունից։ Դասընթացի խմբի անդամների հետ հետևում եք այն արժեքավոր գործընթացին, թե այլ ոլորտի մասնագետներ ի՞նչ մարտահրավեր են դնում իրենց առջև, ի՞նչ ճանապարհներ փնտրում դրանց լուծման համար և ի՞նչ խոչընդոտներ տեսնում։
3․ Հիբրիդային լուծում
Հիբրիդային տարբերակով դուք հնարավորություն ունեք սկսել որևէ մասնագետի հետ, կատարել համատեղ մշակումներ։ Մասնագետը կարող է նաև սկսել դրա կազմումը, զարգացնել պլանը, իսկ ավարտական աշխատանքներով կարող եք զբաղվել ինքնուրույն՝ խմբագրելով, ամբողջացնելով ձեր աշխաանքը։
Ու թեև բոլոր այս տարբերակները յուրովի լավն են, խորհուրդ ենք տալիս կազմել բիզնես պլանը սեփական ուժերով։ Նման ձևով՝
1․ Դուք ընկղմվում եք արժեքավոր ուսուցողական գործընթացում։
2․ Յուրացնում ձեր բիզնեսի մանրուքները և դրա շահավետ կողմերը։
3․ Ձեռք եք բերում նոր գիտելիքներ և հմտություն։
4․ Զարգացնում ինքնավստահություն ձեռներեցության ոլորտում։
********************************************
Թեման դեռ ավարտելի չէ։ Այն կծավալվի մարքեթինգին նվիրված թեմայում, որը կազմում է բիզնեսի կարևորագույն մասը։ Բայց դրա մասին մեր հաջորդ բլոգում, որին կարող եք հետևել այս հարթակում և սրանից դուրս։