Ի՞ՆՉ Է ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ

Armine Abelyan
4 min readJan 30, 2022

--

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ է գործածվում լոկալիզացիա կամ անգլերեն localization բառը: Բառի անգլերեն տարբերակն ունի ավելի պրակտիկ կիրառություն մեր խոսքում և հաճախ թույլ չի տալիս մինչև վերջ ընկալել հայերեն համարժեքի՝ տեղայնացում բառի նշանակությունը։

Ինչ ենք ենթադրում տեղայնացում ասելով․

Տեղայնացումը կոնտենտի, պրոդուկտի կամ ծառայության ադապտացման գործընթացն է տեղի շուկայում։ Տեղայնացում չի նշանակում տեքստի թարգմանություն: Այն սովորաբար հաջորդում է թարգմանության փուլին, որի ընթացքում մենք փոխարինում ենք բնօրինակ լեզուն մեկ այլ՝ թարգմանվող լեզվով, իսկ տեղայնացման ընթացքում կատարում թարգմանված տեքստի լեզվա-մշակութային ադապտացում։

Նախապատմություն

Տեղայանացում բառը կապված է LISA՝ Լocalization Industry Standards Association շվեյցարական ընկերության հետ։ Այն շվեյցարական առևտրային մարմին էր, որը զբաղվում էր համակարգչային ծրագրերի և դրանց առնչվող տեխնիկական փաստաթղթերի (ձեռնարկներ, ձևաթղթեր, տեխնիկական առաջադրանքներ և այլն) թարգմանության հարցերով։ Ընկերությունը պահպանեց իր գոյությունը 1990 թվականից մինչև 2011 թ․-ը, որին անդամագրված էին այնպիսի խոշոր տեղեկատվական ոլորտի ընկերություններ, ինչպես օրինակ՝ Adobe, Cisco, Hewlett-Packard, IBM, Nokia, Novell և Xerox ընկերությունները։

Տեղայնացումը լեզվական ոլորտում

Տեղայնացումն աշխատանքային գործընթաց է, որը սկսվում է միայն թարգմանչական աշխատանքներից հետո։ Տեղայնացումը ենթադրում է բազմամշակութային աուդիտորիա։

Տեղայանացումը կարող է առնչվել տարբեր պրոդուկտների՝ համակարգչային ծրագրերի, վիդեոխաղերի, կայքէջերի՝ ընդհուպ մինչև կինոսերիալների և մուլտֆիլմերի։ Մեծ թվով ՏՏ ընկերություններ տեղայնացնում են իրենց պրոդուկտները և ծառայությունները՝ դրանք բազմալեզու օգտվողներին ավելի հասանելի դարձնելու և շահավետ բիզնես ծավալելու համար։

Տեղայնացման շուկան այն երկիրն է, որտեղ կատարվում է տվյալ ապրանքի ադապտացումը: Տեղայնացումը կարող է կատարվել ոչ միայն որևէ երկրի, այլ նաև տվյալ երկրի որևէ հատվածի, խմբի կամ մշակութային նշանակություն ունեցող սեգմենտի համար: Որոշ երկրներ կարող են ունենալ տարբեր մշակութային և լեզվական առանձնահատկություններ։ Կան նաև երկրներ, որոնք չեն առաջնորդվում միայն մեկ լեզվով։ Օրինակ՝ ճապոնիայի գրեթե 99 % խոսում է ճապոներեն, բայց երկիրն ունի պաշտոնապես ճանաչված ևս 11 լեզու, որոնցից որոշները կարող են լինել երկրորդական և այլն։ Այդ լեզուն և մշակույթն առնչվում են տարանցիկ ժողովուրդների հետ։

Տեղայնացման նպատակն է համապատասխանեցնել պրոդուկտը տեղի մտածողությանը և հուզական ասպեկտին՝ խուսափելու մշակույթային բախումներից։ Տվյալ երկրի ավանդույթներին և ցանկություններին համապատասխանեցված պրոդուկտ ստեղծելու համար կարևոր է մանրամասն պլանավորել և նախապես սահմանել պրոդուկտի մշակման մեթոդները` hետագայում խուսափելու առաջացող ծախսերից, որոնք կարող են ձևավորվել ժամանակին համընթաց՝ վերաբերելով մշակութային ադապտացման խնդիրներին ու առանձնահատկություններին։

Ի՞նչ է տեղայնացվում կոնտեքստում

Տեղայնացումն ընդհանուր առմամբ անդրադառնում է պրոդուկտի կամ ծառայության ոչ տեքստային բաղկացուցիչներին, որոնց մեջ մտնում են․

1. Գրաֆիկական էլեմենտներ

2. Տեղական արժույթը

3. Ժամը և ամսաթվերը

4. Հասցեները

5․ Հեռախոսահամարները

6. Գույների նախընտրությունը

7. Մշակութային հղումները։

Վերը նշվածներին կարող են գումարվել տարբեր այլ էլեմենտներ՝ մինչև իսկ պրոդուկտի ֆիզիկական կառուցվածքային հատկանիշները։

Տեղայնացումը որպես տեխնոլոգիա

Տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ և ներխուժել ամենուր։ Դրանից հեռու չեն մնում նաև տեղայնացման գործիքները, որոնք թարգմանչական գործիքների նման կոորդինացնում են այն գործընթացները, որով պետք է անցնեն տարբեր աշխատակիցներ կամ աշխատանքային փուլեր: Նմանատիպ գործիքները թույլ են տալիս տարբեր աշխատողների համահավասար բաշխել իրենց ջանքերը և պրոդուկտի տեղայնացման մասով ստանալ ընդհանուր արդյունքներ։

Հաջող տեղայնացված պրոդուկտները և ծառայությունները պետք է երևան այնպես, որ կարծես դրանք դուրս են եկել տեղի մշակույթից։ Այս նպատակով տեխնիկական աշխատակիցները՝ ծրագրավորողները, թարգմանիչները և պրոդուկտի մենեջերները պետք է դիտարկեն՝

  • տարբեր մշակութային և լեզվաբանական խնդիրները, որոնք առկա են թարգմանվող կամ աղբյուր լեզվում,
  • մշակութային և զգայուն տեղեկությունները, ինչպես օրինակ՝ դրամային արժեքը, ազգային կարգերը և արձակուրդները, ծառայության կամ պրոդուկտի անունը,
  • մեքենական թարգմանությունները,
  • համակարգչային սկզբնաղբյուր կոդի թարգմանումը (առցանց ձեռնարկներ, սխալի հաղորդագրություններ, օգտատերի միջերեսի էլեմենտներ և այլն),
  • գրաֆիկական էլեմենտների և վիզուալ տարրերի ադապտացումը տեղի մշակույթին,
  • տեղայնացված կոնտենտը և համակարգերի որակի կառավարումը։

Տեղայնացման ընկերություններ

Շուկայում կան արդեն իսկ ընկերություններ, որոնք մասնագիտորեն զբաղվում են տեղայնացման աշխատանքով և առաջարկում Ձեզ պատրաստի ծառայություն։ Նրանք կարող են առաջարկել նույնիսկ ավելին։ Նմանատիպ ընկերություններն ունեն լեզվաբանական ծառայություններ և հմտորեն Ձեզ խորհուրդ են տալիս, թե ինչ մոտեցումներով առաջնորդվել և ինչ նախաձեռնությունների գնալ՝ ավելի տեղայնացված պրոդուկտ ստանալու համար։ Նմանատիպ աշխատանքներում որքան արագ եք համագործակցում ընկերության հետ, այնքան ավելի պատկերավոր են դառնում խնդիրները, արդյունքում ավելի արագ լուծումներ են ներդրվում լեզվաբանական և մշակութային խոչընդոտների համար, իսկ բուն արդյունքում՝ նվազում են անկանխատեսելի կամ աճող ծախսերը։ Աշխատանքի ընթացքում պետք է լինել սերտ կապի մեջ տվյալ ընկերության հետ, փոխանակվել աղբյուր հանդիսացող փաստաթղթերով, անընդմեջ վերանայել գործընթացները և աշխատանքային փուլերը։ Սա թույլ կտա նմանատիպ ընկերությանն ավելի որակյալ աշխատանք կատարել և առավելագույնը տեղայնացնել Ձեր պրոդուկտը։

Տեղայնացում և տեխնիկական գրագրութուն

Շատերը կարծում են, որ տեղայնացումն առնչվում է միայն թարգմանությանը, սակայն այն կարող է առնչվել նաև տեխնիկական գրագրությանը։

Տեխնիկական գրագիրները ստեղծում են բազմաթիվ և տարատեսակ փաստաթղթեր, որոնք կազմելիս պետք է մանրամասն հասկանան պրոդուկտի էությունը, շատ հաճախ ոչ պակաս մանրամասներով, որքան օրինակ՝ ծրագրավորողները կամ թեստավորողները։ Նրանք շփվում են տարբեր բաժինների, աշխատակիցների, ինչպես նաև տվյալ պրոդուկտի օգտագործողների հետ՝ ադապտացնելու նրանց պահանջները ձեռնարկներում, ուղեցույցերում և այլ փաստաթղթերում։

Բոլոր այս աշխատանքների ընթացքում տեխնիկական գրագիրները շփվում են այն մասնագետների հետ, ովքեր մասնակցում են որոշումների կայացմանը և փաստաթղթերի ադապտացումը չի համարվում նրանց համար առաջնահերթություն կամ հակառակը՝ փաստաթղթերի կազմումը պահանջում է այնքան արագ ժամանակ, որ ստեղծվում են անիրական ժամկետներում տեղավորվելու խնդիրներ։ Այստեղ է, որ հմուտ տեխնիկական գրագիրները կարող են ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք նվազեցնում են ոչ միայն ժամանակային խնդիրները, այլ նաև ազատում ավելորդ հաղորդակցման մարտահրավերներից։

Այսպիպսով, տեղայնացումն այսօր ընդլայնել է իր գործունեության եզրերը, որտեղ հետաքրքիր մարտահրավերներ են գտնում ոչ միայն տվյալ ծառայությամբ զբաղվող ընկերությունները, այլ նաև լեզվաբանական ոլորտում գործող տարատեսակ մասնագետները։

--

--

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading