Դարձրեք Ձեր թարգմանությունները քիչ խոցելի

Armine Abelyan
4 min readAug 19, 2020

--

Թարգմանությունները հաճախ են ենթարկվում սուր քննադատության։ Դրանք համարվում են կամ շատ տառացի կամ ցածր որակի։ Թարգմանիչների աշխատանքը դառնում է կրկնակի խոցելի, երբ խոսքը գնում է վերանայված թարգմանությունների մասին։

Թարգմանիչները հաճախ են ստիպված լինում պաշտպանվել այս կամ այն մեկնաբանությունից, իսկ երբ նրանց աշխատանքը ստուգվում է երրորդ ընկերության կողմից, ապա կարիք է լինում ներկայացնել մի ողջ հաշվետվություն մեծ և փոքր թերությունների մասին:

Ինչո՞ւ են թարգմանությունները հեշտ քննադատելի և արդյո՞ք հնարավոր է հասնել բարձր, անթերի ու ոչ վիճարկելի թարգմանության մակարդակի։

Թարգմանությունը մաթեմատիկա չէ և այստեղ չեն կիրառվում հստակ մաթեմատիկական օրենքներ։ Թարգմանության հիմքում ընկած են բարդ կոգնիտիվ պրոցեսներ և քերականական, կետադրական, տերմինաբանական և այլ տարատեսակ կանոններ: Թարգմանության դեպքում դժվար է խոսել սպառիչ ապացույցներով, երբ պետք է պաշտպանել այս կամ այն տեսակետը։ Բացարձակ ճշգրտության հանգամանքը դառնում է առավել դժվարին, երբ վերանայման ընթացքում առաջ են գալիս այսպես կոչվող «Նախընտրելի թարգմանությունների» տարբերակները։ Թարգմանությունները սակայն կարող են դառնալ քիչ խոցելի, եթե ճիշտ են կիրառվում լեզվական օրենքները, տերմիններն ու բառապաշարը։ Մանրակրկիտ աշխատելով թարգմանվող տեքստի վրա, այն կարելի է դարձնել քիչ հակասական, ընդունելի և մատչելի վերջնական ընթերցողի համար:

Ո՞վքեր են թարգմանության դերակատարները և ի՞նչ գործընթացներ են ընկած թարգմանության հիմքում:

Թարգմանիչ

Նա կատարում է աշխատանքի մեծ և սթրեսային մասը: Նա աշխատում է տեքստի վրա՝ հետևելով ճիշտ կետադրական, ուղղագրական, քերականական կանոններին: Նա աշխատում է բառերի, տերմինների և դարձվածաբանական կառույցների վրա, ստուգում մտքի սահունությունը և ապահովում ընթեռնելի բովանդակություն ընթերցողի համար։ Թարգմանիչը նաև վերանայում է սեփական աշխատանքը: Չնայած վերջինիս, յուրաքանչյուր թարգմանություն պարտադիր անցնում է լրացուցիչ վերանայման փուլեր՝ ենթարկվելով որակական վերլուծության, որի վերջնական նպատակն է հաճախորդներին որակապես բարձր թարգմանություններ տրամադրելը:

Վերանայող

Որպես կանոն, թարգմանչի կողմից սեփական աշխատանքի վերանայումը դեռ բավարար չէ այն վերջնական համարելու համար։ Երկարատև տեքստային աշխատանքի արդյունքում թարգմանչի աչքից կարող են վրիպել սեփական սխալները: Թարգմանությունը դեռևս մնում է մարդկային մտքով պայմանավորված գործընթաց․ սեփական թերությունները տեսնելու կարողությունը նվազում է, իսկ կրկնակի աչքով ստուգումը՝ բարձրացնում տեքստի որակը: Վերանայումն առաջին հերթին կատարվում է՝ վերահսկելու թարգմանված տեքստի ճշգրտությունը։ Կանխելով որակական ցածր արդյունքը՝ վերանայումը չի կատարվում միայն արտաքին թերությունները վերացնելու համար, ինչպես օրինակ՝ մանր տառասխալները, վրիպակները, կետադրական բացթողումները և այլն: Վերանայման ընթացքում ստուգվում են հատկապես իմաստային սխալները, կառուցվածքային խնդիրները, մտքի սահունությունը և տերմինների ճշգրտությունը։

Պատվիրատու

Թարգմանչական աշխատանքների մի մասը կարող է վերջնական վերանայվել նաև պատվիրատուի կողմից: Որպես կանոն, հաճախորդն աշխատում է իր տեղական թիմով՝ կիրառելով ընկերության ներսում գործող բառապաշարը։ Հաճախորդի կողմից վերանայումները թույլ են տալիս ստանալ օբյեկտիվ գնահատական աշխատանքի որակի մասին, նաև մեկնաբանությունների շնորհիվ հասնել ցանկալի արդյունքի և ավարտուն տեսքի։ Պատվիրատուների հետ աշխատելիս, ցանկալի է նրանց կողմից նախապես ստանալ ընկերությունում առկա փաստաթղթեր՝ օրինակներ, ձևանմուշներ, հղումներ, կիրառվող տերմինների ցանկ՝ նվազեցնելու հնարավոր փոփոխությունները:

Որոնք են այն վիճարկելի հարցերը, որոնք առաջանում են թարգմանության ընթացքում

Յուրաքանչյուր թարգմանության ժամանակ, առաջ են գալիս վիճարկելի հարցեր: Թարգմանչական սխալները հաճախ են անհամաձայնություն առաջացնում թարգմանիչների և վերանայողների մոտ: Դրանք լինում են տարբեր բնույթի.

Արտաքին թերություններ

Այս թերությունները չեն վնասում տեքստի իմաստային մասին և չեն համարվում կոպիտ սխալներ: Դրանք կարծես պայմանավորեն թարգմանության “կոսմետիկ” մասը: Այդ փոքր թերություններն են կետադրական սխալները, մանր տառասխալները, տառի բացթողումները կամ հակառակը՝ բառամիջյան ավելորդ տառերը, այլ կերպ ասած՝ թերություններ, որոնք այնուամենայնիվ էապես ազդում են տեքստի որակի վրա:

Իմաստային և տերմինաբանական սխալներ

Իմաստային առումով, պետք է զերծ մնալ սխալ վերարտադրումներից։ Անհրաժեշտ է ընտրել ճշգրիտ բառեր՝ հարմարեցնելով այն տվյալ լեզվամտածողությանը: Պետք է ճիշտ կիրառել դարձվածաբանական կառույցները և ձևավորել ընկալելի միտք ընթերցողի համար:

Ուղղագրություն և քերականություն

Ուղղագրական սխալները համարվում են առավել կոպիտ սխալներ. դրանք բացասական ազդեցություն են թողնում ընթերցողի վրա և ձևավորում արագ կարծիք Ձեր լեզվական կարողության մասին:

Մտքի սահունություն

Թարգմանության որակն էապես բարձրանում է մտքի, կառուցվածքային և բառային սահուն դասավորվածության շնորհիվ: Նախադասություններն ունեն վերադասավորվելու շատ հնարավորություններ: Նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե դուք վերջնական ստացել եք մի լավ տարբերակ, ի հայտ է գալիս մեկ ուրիշը՝ գերազանցելով նախորդին իր սահունությամբ և հնչեղությամբ: Չպետք է բավարարվել միայն նրանով, որ ճշգրիտ ստացել եք որոշակի արդյունք. պետք է դեռևս մի քանի անգամ վերանայել նախադասությունները՝ վերադասավորելով դրանք սահունության տեսանկյունից:

Ոճի համապատասխանություն

Յուրաքանչյուր տեքստ ունի իրեն բնորոշ ոճը։ Երբեք չի կարելի թարգմանել իրավաբանական տեքստ՝ առանց հետևելու դրա յուրահատուկ ոճին։ Եթե տեքստը գովազդային է, ապա այն պահանջում է տարբերակների այնպիսի ձևակազմում, որ ստեղծվի հակիրճ և լսողության համար գրավիչ տեքստ։ Բացարձակ այլ ոճի են սպորտային թարգմանությունները, որտեղ բառային դասավորությունն ու նշանակությունները ստեղծում են սպորտին բնորոշ մրցակցային և խանդավառ ոգի։ Թարգմանության ոճը պահպանելու համար, պետք է ամբողջությամբ ընկղմվել տեքստի մեջ՝ ընկալելու վերջինիս ոճային դասավորությունը և վերարտադրելու այն թարգմանվող լեզվին հարազատ ոճական համարժեքներով։

Թարգմանություններն ի վերջո ոչ միայն իմաստային և լեզվական, այլ նաև ստեղծագործ մտքի արդյունք են։ Ամեն նոր տեքստի հետ, թարգմանիչը բախվում է նոր մարտահրավերի հետ, բայց մշտապես պահպանելով կանոնները և կասկածի տակ դնելով սեփական աշխատանքի որակը, կարելի է ձեր թարգմանություններն ամրապնդել ու դարձնել քիչ խոցելի, ինչպես «Դիմացկուն ձուն ընդդեմ հարվածող մուրճի»։

--

--

Armine Abelyan
Armine Abelyan

Written by Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading

No responses yet